Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և պետության անելիքները» թեմայով քննարկմանը
30/06/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և պետության անելիքները» թեմայով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը։
Աննա Կարապետյանը ներկայացրել է ս.թ. ապրիլին Ժնևում կայացած Կոմիտեի 82-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի քննարկման մանրամասները, կոմիտեի անդամների կողմից տրված հարցադրումներ ու Կառավարության զեկույցի հիմնական արձանագրումները, անդրադարձ է կատարվել նաև նիստի արդյունքներով ՀՀ-ին ներկայացված առաջարկություններին ու եզրակացություններին, որոնք ուղենիշային են ոլորտային բարեփոխումների համատեքստում։
Նախարարի տեղակալը ընդգծել է Կոմիտեի կողմից արված դրական արձանագրումները, ինչպես նաև ներկայացրել խոշտանգումների դեմ պայքարում Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված քայլերը, այդ թվում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրազեկման աշխատանքների տեսքով։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Կոմիտեի հանձնարարականները, այդ կապակցությամբ վերջիններիս դիտարկումները և պետական իրավասու մարմինների ձեռնարկած քայլերը՝ միջազգային չափանիշներին համահունչ: