Աննա Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 19-րդ նիստին
26/06/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 19-րդ նիստին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 25-ին Բելառուսի Հանրապետությունում (Մինսկ):
Աննա Կարապետյանը ողջունել է խորհրդի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է ԱՊՀ շրջանակներում իրավական համագործակցության և կառուցողական երկխոսության ամրապնդումը։ Նա բարձր է գնահատել ԱՊՀ հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը, հավատարիմ մնալու պատրաստակամությունը։ Խորհրդի 20-ամյակի կապակցությամբ իր ելույթում նախարարի տեղակալը շեշտել է, որ տարիների ընթացքում Խորհուրդը ձևավորել է համաձայնեցված մոտեցումներ իրավական քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ, ամրապնդել փոխվստահությունը մասնակից պետությունների միջև: Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև Հայաստանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ ոլորտի թվայնացման աշխատանքներին, որի արդյունքում քաղաքացիները ստանում են առավել արագ և արդյունավետ ծառայություն:
Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Խորհրդի նախագահությունը 2026 թվականին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Այդ համատեքստում Խորհրդի 20-րդ նիստը կանցկացվի 2026 թվականին Երևանում։
Արդարադատության նախարարի տեղակալն իր ամփոփիչ խոսքում ներկայացրել է Խորհրդի նիստի նախագահության շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները, մասնավորապես՝ արդարադատության թվայնացման, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության ամրապնդման և իրավական փոխօգնության շրջանակում տեղեկատվության փոխանակման դյուրացման ուղղություններով։