Հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.9% կատարողական
06/06/2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակում՝ 2024թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։
Հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.9% կատարողական: Նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 1.8%-ով կամ 68.2 մլն դրամով, որը ձևավորվել է Հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերի նվազման, շենքային պայմանների ապահովման և տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման նպատակով 2023թ. միջոցների հատկացման և «Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայություններ» միջոցառման ծախսերի աճի արդյունքում։ Ծրագրի շրջանակներում օգտագործված միջոցների հիմնական մասը՝ շուրջ 3.6 մլրդ դրամն ուղղվել է «Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայություններ» միջոցառմանը, որը կատարվել է 99.9%-ով։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 2.9%-ով (շուրջ 100 մլն դրամով), ինչն ուղղվել է հարկադիր կատարման ծառայությունում պարգևատրման արդյունքահեն համակարգի ներդրմանը։ Վերոնշյալով պայմանավորված ՀՀ արդարադատության նախարարության կողմից ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 6․7 մլրդ դրամ՝ ապահովելով 111.8% կատարողական և 19․4%-ով (1.3 մլրդ դրամով) գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
Անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակում (https://cabinet.harkadir.am) 2024թ. ընթացքում գրանցվել է 8,714 անձ, գրասենյակով կամ բջջային հավելվածով կատարվել է ի սկզբանե նույնականացված տարբերակով շուրջ 6.3 մլրդ դրամի 391,741 վճարում, արդյունքում նույն պահին ավտոմատ կարճվել է 367,858 վարույթ, վճարային տերմինալներով և բանկերով կատարվել է ընդհանուր շուրջ 16.4 մլրդ դրամի 426,570 վճարում, արդյունքում նույն պահին ավտոմատ կարճվել է 818,311 վարույթ: