«Քրեակատարողական ծառայությունների» ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.1%-ը: Ծրագրին կատարված հատկացումների գերակշիռ մասը՝ 12.4 մլրդ դրամն ուղղվել է «Քրեակատարողական ծառայություններ» միջոցառմանը, որի շրջանակներում իրականացվել է 2,607 դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց վերահսկողություն, կալանավայրերում դատապարտյալների կացության ապահովում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում և ուսուցում՝ կանխատեսված 3,000-ի դիմաց: Միջոցառման ծախսերը կատարվել են 99.8%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 2.7%-ով կամ 320.3 մլն դրամով՝ պայմանավորված աշխատավարձի բազային դրույքաչափի բարձրացմամբ: Բացի դրանից, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում 2024թ․ մեկնարկել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման առաջին փուլը։ Ատեստավորման համար դիմել է 36 ծառայող: Ատեստավորման փուլերը հաղթահարել է 31 քրեակատարողական ծառայող, որոնց աշխատավարձերը բարելավվել են՝ ըստ պաշտոնների խմբերի և ատեստավորման արդյունքների:
Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 55.8 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 43.3%-ը: Ցածր կատարողականը պայմանավորված է նրանով, որ նոր քրեակատարողական հիմնարկի նախագծի մշակման ընթացքում առաջացել են խնդիրներ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել են, բացի այդ վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած բարդություններով պայմանավորված՝ 30 օրով երկարացվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերանորոգման պայմանագրի ավարտման ժամկետը:
Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները: Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովվել է 24 ժամյա ջրամատակարարում, ինչն առկա չի եղել ստեղծման օրվանից։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Արթիկ», «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է մոր և մանկան բաժանմունք։ Ներկայումս նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են հղի կնոջ և մինչև երեք տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին: Բացի դրանից, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցվել են ամբողջությամբ նոր երկու մասնաշենքեր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է կանանց տեղամասը, ինչպես նաև ուսումնական կենտրոնը: Ավարտին են մոտենում նաև մեկուսարանի և վարչական մասնաշենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքները։
2024թ. 4-րդ եռամսյակում ներդրվել է Քրեակատարողական հիմնարկների կարիքների գնահատման և կառավարման էլեկտրոնային ծրագիր, որն իրենից ներկայացնում է քրեակատարողական հիմնարկներում կենցաղապահովման և նյութատեխնիկական խնդիրների, այդ թվում՝ շենքային, կոմունալ, էներգետիկ, տրանսպորտային և այլ պայմանների խնդիրների հաշվառում, գնահատում, առաջնահերթությունների որոշում և լուծումների կառավարում:
Ազատազրկված անձանց հեռախոսակապի իրավունքը կայուն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է կարիքների գնահատում, ինչի հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում հիմնարկների համար ձեռք է բերվել նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս, որոնք կփոխարինեն ներկայում առկա 113 հեռախոսներին։ Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, արդարադատության և առողջապահության նախարարությունների, ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձինք հնարավորություն են ստանալու նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնելու ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։
Հայտարարված մրցույթի արդյունքում ձեռք են բերվել պլանշետներ, որոնք բաշխվել են ըստ քրեակատարողական հիմնարկների պահանջների՝ քրեակատարողական հիմնարկներում տեսազանգի տրամադրման հնարավորությունն ապահովելու նպատակով:
Ծառայության հատուկ նշանակության և գործառնական մեքենաների վրա տեղադրվել են տեղորոշման և վերահսկողության GPS համակարգեր։
Դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցումների կազմակերպման նպատակով ձեռք են բերվել հատուկ նշանակության 2 ավտոմեքենաներ։
«Քրեակատարողական ծառայությունների» ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.1%-ը
06/06/2025
