«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախարարի տեղակալը, ՔԿԾ ղեկավարը և Չեխիայի դեսպանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ

05/06/2025

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, փոխդեսպանը և հյուպատոսը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանն ու Վահե Նանուշյանը, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք ներկա են գտնվել «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացին, որի նպատակն է կանանց ձայնը լսելի դարձնել արդարադատության համակարգում: Դասընթացն իրականացվել  է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:
Ծրագրի շրջանակներում ազատազրկված կանանց համար արդեն իսկ անցկացվել են հույզերի կառավարման, կոնֆլիկտների լուծման, հուզական բարեկեցության, անձնական աճի, գրելու հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ՝ նպաստելու նրանց ինքնազարգացմանը:
Պաշտոնյաները հարց ու պատասխանի ձևաչափով շփվել են ազատազրկված կանանց հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Դասընթացից հետո պաշտոնյաները շրջայց են կատարել «Աբովյան» ՔԿՀ-ում՝ ծանոթանալով ազատազրկված կանանց պահման պայմաններին և վերասոցիալականացման հնարավորություններին:
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: