ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Իրավունք, արդարություն և արդարադատություն» հասկացությունները անչափահասների աչքերով թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանի աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները: Մասնակցությունը կարող է լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով:
Մրցույթին մասնակցելու համար աշակերտները պետք է պատրաստեն և ներկայացնեն տեսահոլովակ, որտեղ կմեկնաբանեն և լուծում կառաջարկեն ընտրված թեմայի վերաբերյալ։
Թեմաներն են․
1․ «Արդարությունը սկսվում է հոգատարությունից» կամ «Երբ ինձ հասկանում են, ես պաշտպանված եմ»,
2․ «Լսի՛ր մինչ որոշես» կամ «Լսված լինելը վստահության հիմքն է»,
3․ «Բոլորն ունեն հավասար իրավունքներ», «Բոլորս տարբեր ենք, բայց հավասար» կամ «Հավասար իրավունքները սկսվում են հավասար վերաբերմունքից»,
4․ «Քո իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները»,
5․ «Բառերն էլ կարող են վնասել», «Բռնությունը հանցանք է՝ անկախ հարթակից»,
6․ «Օրենքը պաշտպան է՝ ոչ դիտորդ» կամ «Իմ գաղտնիությունը պաշտպանված է օրենքով»։
Մրցույթի նպատակն է` բարձրացնել անչափահասների իրավագիտակցությունը և մասնակցությունը՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն ձևակերպել և արտահայտել իրենց պատկերացումները արդարադատության հիմնարար արժեքների մասին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 5-ը մրցույթի պահանջներին համապատասխան պատրաստված տեսանյութերն ուղարկել forchildright@gmail.com էլ․ հասցեին, նամակում պարտադիր նշելով՝ դպրոցի անվանումը, աշակերտների անուն ազգանունները, խմբի համակարգողի կամ պատասխանատու անձի հեռախոսահամարը՝ հետադարձ կապի համար:
Պարտադիր է պահպանել սահմանված չափանիշները. տեսահոլովակի տևողությունը պետք է չգերազանցի 120 վայրկյանը, ձևաչափը պետք է լինի հորիզոնական (landscape), տեսանյութի որակը նվազագույնը 720p, ձայնը՝ պարզ և լսելի:
Մրցույթի մասնակիցները կստանան շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով։
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնին՝ զանգահարելով 010-57-44-06 հեռախոսահամարին կամ գրել forchildright@gmail.com էլեկտրոնային հասցեին։