«Ժողովրդավարությունը ընտրություն է` մեր հասարակության ընտրությունը, որն անվիճելի և անբեկանելի է. Հետևաբար ժողովրդավարությունը նաև պետության ընտրությունն է, և ուրեմն ժողովրդավարությունը մեզ համար նաև կառավարության գործելաոճ է»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկմանը։
Խոսելով ժողովրդավարության և խաղաղության մասին՝ Արդարադատության նախարարը նշել է, որ բացի սկզբունք լինելուց ժողովրդավարությունն իրավական պետության կայացման միակ ճանապարհն է, ինչպես նաև կապ է մարդու և պետության, կամ մարդու և կառավարության միջև։ Անդրադառնալով արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների, մասնավորապես Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և առանձին եվրոպական երկրների աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում 4 ուղղությամբ են՝ Կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական և իրավական ոլորտի վերափոխման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների զարգացման։ Նախարարը հայտնել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում առարկայական փոփոխություններն ակնառու են և Արդարադատության նախարարության ջանքերով մեր երկրում ներդրվել ու հաջողությամբ գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուցիոնալ մարմիններ, ընդլայնվել է հայտարարագրման պարտականություններ ունեցող անձանց շրջանակը: Նախարարը թվարկել է բարեփոխումների արդյունքում իրականացված աշխատանքները, կարևորել միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը։ Սրբուհի Գալյանի ելույթի առանցքային դրույթներից է եղել նաև թվայնացման օրակարգը՝ շեշտելով, որ ժողովրդավարության ամրապնդման շրջանակում պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ կարողանան ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են պետության կողմից՝ օգտվելով այլ երկրների լավագույն փորձից։ Անդրադարձ է եղել նաև ընտրական գործընթացներին, որոնք ժողովրդավարական սկզբունքի իրացման և ամրապնդման կարևորագույն մասն են։
Պանելային քննարկումը կազմակերպվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպա-Բալթյան երկրների համագործակցության ձեւաչափի շրջանակներում՝ խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությունների համար։