Արդարադատության նախարարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի կատարողականի արդյունքները
17/01/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ ներդրվել են բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգեր դատավորների դատախազների և քննիչների համար: Ամբողջացվել են նվերների ընդունման սահմանափակումների կառուցակարգերը՝ նվերների ընդունումից մինչև պետությանը փոխանցված նվերների տնօրինման շղթան: Հստակեցվել է ավագանու անհամատեղելիության պահանջները, ԿԿՀ և ԿԸՀ լիազորությունների շրջանակը նախընտրական քարոզարշավի ֆինանսական հսկողության հարցում, մշակվել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության հսկողության, բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարգավիճակի բարելավմանն ուղղված մեխանիզմներ: Անդրադարձ է եղել կոռուպցիայի կանխարգելման օրենսդրության միասնականացմանը և մի շարք այլ ծրագրային հարցերի: Նախարարը նշել է, որ ընթացքում է բռնագանձված ապօրինի ծագում ունեցող գույքի արդյունավետ կառավարման մեխանիզմի մշակման, ազդարարման համակարգի օրենսդրական կառուցակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքները: Նա ներկայացրել է նաև ընթացիկ փուլում գտնվող մի շարք գործողությունների հաջորդականությունը:
Անդրադարձ է արվել միջազգային զեկույցների ցուցանիշներին համապատասխան կոռուպցիայի կանխարգելման համաթվին:
Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման վերաբերյալ հաշվետվողականությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս երեք ուղղություններով գեներացնել համապատասխան զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում: