Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության շրջանակում կայացած «Արդյունքների առաջխաղացման ուղին․ հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ միջոցառմանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել է փախստականների, ճգնաժամից տուժած խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, վեճերի այլըտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործմանը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման ինստիտուտի զարգացմանը: Խոսելով վեճերի այլընտրանքային մեխանիզմներից՝ Աննա Կարապետյանն անդրադարձել է Ծրագրի շրջանակում հաշտարարների որակավորման դասընթացների կազմակերպմանը, հանրային իրազեկման միջոցառումների անցկացմանն ու հաշտարարների ինքնակարգավորվող մարմնի կազմավորմանը: Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև ծրագրի շրջանակում իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ներառյալ նաև ատելության հիմքով հանցագործությունների քննության առանձնահատկություններին վերաբերելի ուղեցույցների մշակմանը: Նախարարի տեղակալը, կարևորելով Նորվեգիայի կառավարության շարունակական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը, շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Նորվեգիայի կառավարությանը դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում արդյունավետ համագործակցության համար: