Կքրեականացվի թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը, կընդլայնվի դիտորդների շրջանակը. Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքով ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը ներկայացվեց ԱԺ
24/10/2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների և հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին:
Օրինագծի ընդունման դեպքում՝ քաղաքացիներն ավելի դյուրին կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում՝ քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը և էլեկտրոնային ծանուցումով նոր տեղամասում քվեարկել առանց թղթային տեղեկանքի:
Առաջարկվում է քրեականացնել ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Կմիասնականացվեն հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ընտրական գործընթացներն ավելի պատշաճ կազմակերպելու համար: Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն կտրվի թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին, և առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ընդգծել է, որ օրինագծով կընդլայնվի դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները ևս կկարողանան հավատարմագրվել: Կհստակեցվի, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Հաշվի առնելով, որ ռազմական կամ արտակարգ դրությունը էականորեն կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական, առաջարկվում է նման դեպքերում ընտրական գործընթացը դադարեցնել, իսկ դրանց ավարտից հետո՝ սկսել կրկին՝ հնարավորություն տալով հաշվի նստել նոր իրողությունների հետ։ Մյուս բոլոր դեպքերում արդեն ընտրական գործընթացը կկասեցվի և կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել՝ որոշակի բացառություններով։
Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն փաթեթը քննարկելու հնարավորություն ընձեռելու համար՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի շրջանակում Արդարադատության նախարարությունը բաց է և պատրաստակամ քննարկումների ու արդյունավետ որոշումներ ընդունելու հարցում: