Բարեվարքության եզրակացությունների հրապարակում, պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածություն. Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

23/10/2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և ԿԿՀ եզրակացության հրապարակայնության հարցերի շուրջ» խորագրով աշխատանքային քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Վարչապետի աշխատակազմից, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին»- II փուլ- լրացուցիչ աջակցության ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի փորձագետներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում ընդգծել է 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող հանձնառության կարևորությունը` դատաիրավական համակարգի պաշտոններում նշանակումների կատարման հարցում հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու և ԿԿՀ կողմից տրամադրվող բարեվարքության հրապակայնության հնարավորությունը գնահատելու առումով: Մասնավորապես, ռազմավարությամբ ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ կողմից բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմնի հաշվետվողականությունը և գնահատել ԿԿՀ բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակայնության և պատճառաբանվածության սկզբունքի նախատեսման անհրաժեշտությունը:

Այնուհետև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և չափանիշները` պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և բարեվարքության եզրակացությունների հրապարակայնության հարցերի շուրջ:

Ներկայացված գաղափարների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում` հանձնառության հետագա իրականացումն ապահովելու համար իրավական լուծումներ ձևակերպելու ուղղությամբ: