Ազդարարման իրազեկման արշավի շրջանակում շարունակվում է համապետական վերապատրաստումների շարքը։ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի Հայաստանի Բարեվարքության ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը բացման խոսքում՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է ազդարարման համապետական արշավը՝ ընդգծելով ազդարարման համակարգի դերը կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորելով երիտասարդների շրջանում այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացման միջոցառումների շարունակականությունը:
Վերապատրաստում-դասընթացի ընթացքում մայիսից Հայաստանի 8 դպրոցներում ձևավորված Բարեվարքության ակումբների անդամներին և նրանց մենթորներին է ներկայացվել ազդարարման ինստիտուտը, ազդարարման տեսակները և ազդադարներին պաշտպանության միջոցները, ազդարարման միասնական հարթակից օգտվելու եղանակները:
Առցանց վերապատրաստման ավարտին Լիանա Թովմասյանն ընդգծել է պետության հանձնառությունն՝ ուղղված ազդարարման համակարգի դերի բարձրացմանը և ներկայացրել է ազդարարման արշավի շրջանակում գրանցված արդյունքները:
Վերապատրաստումն իրականացվել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի Բարեվարքության ծրագրի շրջանակներում: