Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը. Նոր օրենսգրքի նախագիծը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

17/05/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքով է հանդես եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» կողմից կազմակերպված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը: Արմենուհի Հարությունյանը, կարևորելով ներկաների հետաքրքրվածությունը բարեփոխումների գործընթացին, նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, քանի որ գործող օրենսգիրքը՝ չնայած իր բազմաթիվ փոփոխություններին, չի համապատասխանում վարչական իրավունքի արդի զարգացումներին: «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է նոր օրենսգրքի նախագծի հիմնական կարգավորումները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.
• սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
• սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
• ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
•վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:
Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները:
Ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա լավարկման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել արդյունավետ փոխգործակցությունը և քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ: