Պրոբացիայի ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ. նախագիծ

08/11/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Պրոբացիայի ծառայության մասին եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախագծով Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի որպես պետական ծառայության առանձին տեսակ, բացառվի տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ստեղծվի անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և առավել գրավիչ դարձնելու համար: Այս փոփոխությունները հնարավորություն կտան նաև ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները:
Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաև հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները և գործառույթները` ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ:
Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով և գործառութային առանձնահատկություններով: Օրենսդրական փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները և խնդիրները, ծառայություն անցնելու կարգն ու պայմանները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: