ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ՝ նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով

15/06/2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին՝ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանի գլխավորությամբ:

Հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման  գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում  կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին:

Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր: