Ատելության խոսքի, բռնության քարոզի, ապատեղեկատվության նվազեցմանը, ինչպես նաև տեղեկատվական դաշտի բարելավմանն ուղղված օրենսդրության բարեփոխման վերաբերյալ Արդարադատության նախարարության մասնակցությամբ ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր

19/04/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով հանդիպում։   


Հանդիպմանը, որի նախաձեռնողն է եղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ներկա են գտնվել փորձագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ և լրագրողներ, որոնց շրջանում ծավալվել է աշխատանքային քննարկում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները և ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման հեռանկարները: 

Երանուհի Թումանյանցն իր ողջույնի խոսքում կարևորել է քաղհասարակության և պետական կառավարման համակարգի փոխգործակցությունը, որի գոհացուցիչ արդյունքը վաղուց տեսանելի է բոլորին: Փոխնախարարը հատկանշական է համարել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը բարեփոխումների, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ օրենսդրության բարելավման գործընթացում:

Տիգրան Դադունցը, անդրադառնալով ոլորտի ներկայացուցիչների հետ կատարվող աշխատանքներին, կարևորել է այն հանգամանքը, որ ամիսներ առաջ մեկնարկած աշխատանքը քաղաքացիական հասարակության և լրագրողական հանրույթի հետ հասել է այն փուլին, երբ պետք է որոշվեն արդեն հետագա անելիքները՝ ոլորտի բարեփոխման համապարփակ հայեցակարգ մշակելու առումով:

Քննարկման ժամանակ ելույթով հանդես են եկել նաև Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Սարգիս Խանդանյանը՝ խոսելով ոլորտում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունների մասին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսել են մեդիա ոլորտի զարգացման մասին պատկերացումների, ոլորտի բարեփոխման հայեցակարգի մշակման անհրաժեշտության, ինչպես նաև մեդիա ոլորտում իրականացված հետազոտության արդյունքում ի հայտ եկած օրենսդրական խնդիրների մասին:

Արդյունքում՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ՝ ժամանակակից մարտահրավերներին և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջընթացի նոր պայմաններին համապատասխան, միջազգային լավագույն փորձի և նորմերի կիրառմամբ։

Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի բարելավմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը նպաստելուն։