Սցենարային վերապատրաստման դասընթացներ Պարեկային ծառայողների համար

11/03/2022

 Պարեկային ծառայողի գործառույթների և լիազորությունների գերազանց իմացություն և կողմնորոշվելու ունակություն՝ սա այն է, ինչին պետք է փայլուն տիրապետի պարեկային ծառայողը: Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայողների շարքերը համալրել պատրաստվող անձանց համար պրակտիկային զուգահեռ իրականացվում է սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ (SBT): Ի տարբերություն Երևանի՝ այս մարզերի դեպքում վերապատրաստումները դարձել են պարեկների ակադեմիական կրթության մաս։

Ուսումնական գործընթացը իրականացվում է հայ և օտարերկրյա դասախոսների կողմից: Երեք շաբաթների ընթացքում ապագա պարեկները հնարավորություն ունեն պրակտիկ գիտելիքներ ստանալ ԱՄՆ-ի, Վրաստանի մասնագետների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հայ դասախոսների կողմից։ Նորարար մոտեցմամբ այս վերապատրաստումները մեկտեղում են այն տեսական ու գործնական գիտելիքները, որոնք ունկնդիրները ստացել են վերջին 5 ամիսների ընթացքում։ Նման վերապատրաստումները ապագա պարեկներին հնարավորություն են տալիս ծանոթանալ գործնականում հանդիպող իրավիճակներին` նրանց մոտ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքելու հմտություններ:

Ծրագրի իրականացվում է ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) և ICITAP առաքելության աջակցությամբ: Հիշեցնենք, որ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ հայտարարվել է Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի Պարեկային ծառայության ուսուցման ընդունելություն-մրցույթ:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի փետրվարի 28-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: