Իրավաբանական անձանց պետական գրանցման ընթացակարգը

09/03/2022

Հարգելի՛ քաղաքացիներ,

հաշվի առնելով վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը, կից ներկայացնում ենք իրավաբանական անձանց պետական գրանցման ընթացակարգը հայերեն և ռուսերեն տարբերակով։ 

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում

Անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է),

Անձը նույնականացնող փաստաթուղթ են համարվում՝  անձնագիրը, մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, ճամփորդական անձնագիրը։
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ  (պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750):

Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա ներկայացվում է նաև լիազորագիրը և   որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը ․
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը:

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում`

ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (Առևտրային կազմակերպությունների պետական գրանցման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160727, բացառությամբ կուսակցությունների):

դ) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

ե) Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:

Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

ՍՊԸ-ի և ՓԲԸ-ի գրանցման դեպքում անձինք կարող են օգտվել նմուշային փաստաթղթերով իրավաբանական անձ գրանցելու դիմում ներկայացնելու տարբերակից։ Այս դեպքում ֆիզիկական անձ հիմնադիրները՝ անձը նույնականացնող փաստաթղթերով (օտարերկրյա հիմնադրի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի վավերացված և հայերեն թարգմանված պատճենով) ներկայանում են Գործակալություն։ Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով գեներացվում են սպասարկման գրասենյակի աշխատակցի կողմից և ստորագրվում հիմնադիրների  կողմից։ Գրանցման գործընթացի տևողությունն է՝ միջինում 30 րոպե։ 

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել.

ա) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
բ) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հաշվառման համար պետական տուրքը կազմում է 50000 դրամ):

Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) տված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի նման լիազորություններ ունենալու մասին: