Կալանավորը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից. նախարարի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն

02/02/2022

«Ազատություն» ռադիոկայանի ՝ փետրվարի 1-ին հրապարակած տեսանյութում, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից:

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն՝ քննության շրջանակներում պարզելու մեղավոր անձանց շրջանակը, հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։

Ծառայողական քննության անցկացման ժամկետը սահմանվել է 2022 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը ներառյալ:

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց հարազատներին տեղեկացնում ենք, որ պատվաստումային գործընթացը ընթանում է ամբողջ ծավալով: Ցանկության դեպքում ՔԿՀ-ում գնտվող ազատությունից զրկված անձինք կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը: