Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին փաստեր են ներկայացվել․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողներին

04/11/2021

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին տեղեկացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, մոնիտորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ:

Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ դատական համակարգի անկախության ամրապնդմանը,  դատական իշխանության բարեվարքության ստուգմանը, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իշխանության երեք ճյուղերի միջև փոխզսպման ու հակակշռման մեխանիզմների կատարելագործմանը և այլն։