Իրանը Հայաստանում ներդրումներ անելու ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

01/10/2021

Կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։ Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։

Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը  տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը՝ այդ թվում ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն  ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։

Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։