Ռուստամ Բադասյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

26/08/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և գործընկերների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգն ու գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել  եվրոպական մի շարք երկրներում գործող համանման մարմինների լավագույն փորձին ու չհաջողած պատմություններին:

ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Մունտեան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարին աջակցելու ԵԱՀԿ պատրաստակամությունը: