Աննա Վարդապետյան. «Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»

25/06/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել  դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում: Այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:

Բացման խոսքում Աննա Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել Նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: «Մենք մեզ չենք կարող ճոխություն թույլ տալ և որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը: Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»,- նշել է փոխնախարարը: Աննա Վարդապետյանը նաև հավելել է, որ անցումային արդարադատությունն ընթացակարգ է, մեխանիզմների ամբողջություն և ոչ թե ինստիտուտ, այն ժամանակավոր բնույթ է կրում: «Այս ամենն ինքնանպատակ չէ. մենք ունենք կարևոր խնդիր՝ ընտրել այն գործիքը, որը լավագույնս կօգնի «բուժել» այս իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հորդորելով քննարկման մասնակիցներին մտքերի և տեսակետների առաջադրման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով, իսկ քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Այնուհետև, հաջորդել է քննարկումը հանդիպման մասնակիցների միջև: