Նախարարի խորհրդականը մասնակցել է անցումային արդարադատության թեմայով համաժողովին

28/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով համաժողովին: Այն կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ:

Նախարարի խորհրդականը, անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային փորձին, նշել է, որ այն գործող իրավական համակարգին օժանդակող գործիքակազմ է: Աննա Վարդապետյանի խոսքով՝ անցումային արդարադատությունը չի կարող լինել լրացուցիչ քրեական գործեր վերաբացելու, ոչ իրավական գործընթացներ իրականացնելու մեխանիզմ: «Անցումային արդարադատության իրականացման գործընթացում մենք սահմանափակված ենք ստանձնած միջազգային պարտավորություններով և քրեական դատավարության մեխանիզմներով: Այն գալիս է, երբ պետությունը պատրաստ է երկկողմանի հաշտեցման և ընդունում է, որ նախկինում տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու խախտումներ: Ընդունելուց հետո պետք է ընտրի՝ քրեակա՞ն հետապնդման գործիքակազմն է կիրառում, թե՞ ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների գործիքակազմը, իսկ գուցե որոշվի գնալ ֆինանսական համաներման ճանապարհո՞վ»,- նշել է նախարարի խորհրդականը՝ մանրամասնելով, որ այս պարագայում խոսքը ոչ թե բոլորիս ծանոթ համաներման մասին է, այլ  երկկողմանի համաձայնության գալու, երբ քրեական հետապնդման ենթարկելը ժամանակավրեպ է, և պետությունը սկսում է որոնել հատուցման մեխանիզմներ:

Նշենք, որ համաժողովի ընթացքում ներկայացվել են անցումային արդարադատության էությունը, կիրառման մեխանիզմները, դրանց ներդրման անհրաժեշտությունը ՀՀ-ում՝ միջազգային լավագույն փորձի լույսի ներքո: