ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» նախագիծը

10/07/2018

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին Անահիտ Անտոնյանը ներկայացրել է քննարկման առարկա հանդիսացող ենթաօրենսդրական ակտի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ օրենսդրական ակտերի նախագծերը (բացառությամբ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագծերի), պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Կառավարության տարեկան գործունեության ծրագրով նախատեսված Կառավարության որոշումները ենթակա են հանրային քննարկման, իսկ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հանրային քննարկումների տևողությանը, դրանց վերաբերյալ կածիքներ, առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգերին, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումների առնչվող հարցերի:

Այնուհետև, քննարկմանը հաջորդել է մասնակիցների միջև հարցուպատասխանը և առաջարկների ներկայացումը:   

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»  հիմնադրամի փորձագետներ: