Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Ընդդեմ ռասայական խտրականության ու անհանդուրժողականության» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

27/06/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Վերջինին մասնակցել են պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում ներկայացված դեսպանատան ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր քննարկումների ծավալման արդյունքում համաչափ լուծումներ գտնել Հայաստանի վերաբերյալ ՌԱԵՀ-ի 2016 թվականին հրապարակված զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացումն ապահովելու համար:

Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդին, մասնավորապես, Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Սահմանադրության բարեփոխումներին հաջորդած օրենսդրական փոփոխությունների լայնածավալ աշխատանքներին Եվրոպայի խորհրդի ցուցաբերած մասնագիտական խորհրդատվությունը:

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ռետա Տիվանեն կարևորել է քննարկման կազմակերպումը՝ նշելով, որ Հանձնաժողովի աշխատանքն անդամ պետություններին քննադատելն ու  սխալներ հայտնաբերելը չէ, այլ համատեղ քննարկումների արդյունքում խնդիրների վերհանումն ու լուծումներ գտնելն է:

Քննարկման ընթացքում փոխնախարար Քոչարյանը ներկայացրել է «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերը, պատասխանել է ներկաների հարցերին:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ (ECRI) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ։