Արդարադատության նախարարը բրիտանացի փորձագետի հետ քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր

26/02/2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսայի Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ Հայաստան ժամանած իրավագիտության պրոֆեսոր Ալըն Նիլին:

Քառօրյա աշխատանքային քննարկման առաջին հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը և Նախարարության այլ աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում նախարարը փորձագետի հետ քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք թույլ կտան կառուցելու ճկուն և հետևողական օրենսդրություն:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու աշխատանքային պայմանագրերի տեսակներին և դրանց նվազագույն պահանջներին, աշխատանքային և հանգստի ժամերին վերաբերող ճկուն կանոնակարգերի ապահովման միջազգային լավագույն փորձին, աշխատանքային վեճերի հարցերում վարչական, դատական ​​կամ այլ մեխանիզմների կիրառմանը, ինչպես նաև աշխատանքային նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կարգավիճակին և լիազորություններին: