Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ՔԿՀ-ներում առողջապահության հետ կապված խնդիրները

14/07/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 

Հանդիպումը կազմակերպվել էր երկու երկրներում առկա բանտային առողջապահության խնդիրները և դրանց հնարավոր լուծումները համեմատության մեջ դիտարկելու և լավագույն փորձը փոխանակելու նպատակով:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի գերակա խնդիրներից է, և այս ուղղությամբ Արդարադատության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջապես արդիականացվեն առողջության առաջնային պահպանման ծառայությունները ՀՀ քրեակատարողական բոլոր հիմնարկներում:

«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության վրացական մասնաճյուղի ներկայացուցիչ Բակար Ջիկիան գոհունակություն է հայտնել բաց համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ նման ձևաչափով փոխգործակցությունները կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական ոլորտներում կատարվող բարեփոխումների հայկական և վրացական փորձը, ինչպես նաև ՀՀ  քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման խնդիրների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով: