Դեպի վեր
  
 

Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ Գառնի համայնքում գործարկվել Է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

06/12/2016 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ դեկտեմբեր 6-ին գործարկվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական ևս մեկ գրասենյակ: Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի գրասենյակը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ պետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Նախարարի համոզմամբ, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը: «Այսուհետ, պետական մարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ միասնական գրասենյակներից ստացված փաստաթղթերի վրա դրվելու է միասնական կնիք, որն Արդարադատության նախարարությունը հաստատել է հատուկ պետական ծառայություններ մատուցող միասնական գրասենյակների համար:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:

Այսուհետ գառնեցիներն ու հարակից գյուղերի բնակիչները  կկարողանան տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի հատկացման, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքները ստանալ Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Երևանում այդ ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) գրասենյակները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն