Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

24/11/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ այլ ներկայացուցիչներ:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

 Արդարադատության նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ ոլորտներում երկու կառույցների միջև առկա համագործակցությունը, կարևորել Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նշել, որ դրանց  շնորհիվ հնարավոր կլինի լուծել ՀՀ քրեակատարողական համակարգում առկա հիմնախնդիրները: Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով նաև ԵԽ օժանդակությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծրագրին, նշել է, որ այն կնպաստի ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող բուժական ծառայության որակի բարելավմանն ու բուժանձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը:

 ԵԽ ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչը նույնպես կարևորել է երկու ծրագրերի արդյունավետ գործարկումն ու ընդգծել, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացումը կերաշխավորի ծառայության վերջնական ներդրման հաջողությունը: Տանյա Ռակուշիչը խոսել է նաև ՔԿՀ-ների բուժանձնակզմի անկախության կարևորությունից:  

 Հանդիպման ավարտին կողմերը ծրագրերի շարունակականության և համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել: