Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

28/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

 Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել:

 Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին:

 Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են:

 Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը, դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրին, ինչպես նաև քննարկել էլեկտրոնային կառավարման՝ այն է դատաիրավական ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ամբողջական ներդրմանն առնչվող հարցեր: