Վրաստանի Արդարադատության տան հետ մի շարք ոլորտներում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել

10/03/2015

 2015 թվականի մարտի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Մարինա Տաշչյանը Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի և Քաչրեթի գյուղի Արդարադատության տներ:

Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալը նկարագրել է Արդարադատության տներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվող  ավելի քան 300 տեսակի պետական ծառայությունների հիմնական գործառույթները: Մասնավորապես՝ քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անձնագրերի և վիզաների, քաղաքացիության, անշարժ գույքի հետ կապված գործարքների, ատեստատների և դիպլոմների, ալիմենտային պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալներ, արխիվից փաստաթղթեր, հանրային ռեգիստրներից տեղեկանքներ և այլ ծառայություններ: 

 Անդրադառնալով Թբիլիսիի Արդարադատության տանը՝ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ այնտեղ  օրական սպասարկվում է 10-20 հազար քաղաքացի, ծառայությունների մատուցման միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե: Արդարադատության տան ղեկավարը պատվիրակությանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունը, մատուցվող ծառայությունները, դրանց որակի վերահսկողության մեխանիզմները և այս կենտրոնում ծառայությունների զարգացման և կատարելագործման հետագա ծրագրերը: Պատվիրակությունն այցելել է նաև Քաչրեթի գյուղում տեղակայված Արդարադատության տուն, ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Սուրեն Քրմոյանը և Մարինա Տաշչյանն այցելել են նաև Վրաստանի արդարադատության նախարարության «Հանցագործությունների կանխարգելման կենտրոն», որը զբաղվում է ներկա և նախկին դատապարտյալներին առնչվող  սոցիալական-ինտեգրացիոն, վերականգնողական խնդիրների լուծմամբ: Ծրագրի շահառուներից են  նաև անչափահաս դատապարտյալները:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և արդյունքները: Գործընկերները մտքեր են փոխանակել երկրների նմանատիպ  ծառայությունների կայացման բարդությունների  և գրանցած հաջողությունների վերաբերյալ:

 Հանդիպումների ընթացքում պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների զարգացման, կրկնահանցագործությունների կանխարգելման և դատապարտյալների վերասոցիալականացման ոլորտում համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: