Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը

02/10/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ կազմակերպած «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկին:

 Վերջինի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում:

Նախարարը ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ շուրջ տասը տարի աշխատելով դատավոր, շատ լավ է պատկերացնում այս համակարգը, դրա խնդիրներն ու լուծման ճանապարհները:

 «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մեկնարկին և ներկայում այնպես է  ստացվել, որ հիմա, ի պաշտոնե, զբաղվում եմ այդ ծրագրով: Հավաստիացնում եմ, որ  ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այս համակարգի բարեփոխումն իրականացնելու հարցում, քանի որ երկրում բարենպաստ ներդրումային միջավայր ունենալու համար ամենակարևոր պայմանն արդյունավետ դատական համակարգ ունենալն է»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի գործ չի լինում առանց խնդիրների. բնականաբար, այդ խնդիրները կարձանագրվեն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օգնությամբ կբարձրաձայնվեն ու դրանց լուծումներ կտրվեն:

 Արդարադատության նախարարը կրկին շնորհավորել է բոլորին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է դրա արդյունավետ իրականացումը:

 Երկամյա ծրագրի ընթացքում Արդարադատության նախարարությանը, դատական համակարգին, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրվի իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն:

 Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, այլք: