Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2024 թվականի համար անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները

20/06/2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2024 թվականի համար անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու  համար կարող է դիմել  Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ կամ դիմումատու), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 331-Լ հրամանով հաստատված հավելված N 1-ով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթաց:
Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված հանված չէ:
Դիմումատուն որակավորման ստուգմանը մասնակցելու համար առձեռն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.
3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը.
5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը.
6) դատվածություն չունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.
7) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ:
Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին: Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-12։30 և 14։30-17։30։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հուլիսի 9-ը` մինչև ժամը 17:30-ն:
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգումը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 11-ին, ժամը 11։00-ին (հասցե՝ Արագածոտնի մարզ, Կարբի համայնք, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք 56 շենք):  
(Որակավորում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքէջում հայտարարություն է հրապարակվում որակավորման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ նշելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման վայրն ու վերջնաժամկետը):
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին N 847-Ն որոշմամբ:
Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման թեստային առաջադրանքները ընդգրկելու են հետևյալ թեմաները՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5 հարց.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք - 15 հարց.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք - 10 հարց.
4) Հոգեբանություն - 30 հարց.
5) «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա - 5 հարց.
6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 5 հարց.
7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ») - 5 հարց.
8) Անչափահաս տուժողների և վկաների հարցերով արդարադատության ՄԱԿ-ի ուղեցույց - 5 հարց:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-41-01 հեռախոսահամարով։