Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

29/06/2021

Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

 

  Տնօրենը՝

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կենտրոնի գործունեությունը, և կրում է պատասխանատվություն օրենքների, Կենտրոնի կանոնադրության, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կնքված պայմանագրերի և իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը, Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարման շրջանակներում, ապահովում է Կենտրոնի կողմից իրականացվող՝ քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը, քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը, Կենտրոնի հնարավորությունների շրջանակներում իրականացնում է դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, իրականացնում է Կենտրոնին հանձնարարված (պատվիրված) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումների աշխատանքների կազմակերպումը, ապահովում է Կենտրոնին վերապահված սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը, իրականացնում է Կենտրոնին հանձնարարված (պատվիրված) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքների ժամանակին կատարումն ու ըստ հասցեատերերի հանձնումը, Կենտրոնի հնարավորությունների շրջանում ապահովում է կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը, իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և Կենտրոնի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,  ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում,

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) ինքնակենսագրություն,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենները,

9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

 Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ուղարկում  է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։

Դիմումի օրինակը և թեստային առաջադրանքները տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի (moj.am) հայտարարություններ բաժնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (Azdarar.am) կայքէջում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 10.30-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:         

Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

 Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 30.07.2021թ.

  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն,  հեռ. (010)59-40-57։

 

 

Արդարադատության նախարարություն

23.06.2021թ.