29/08/2006

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու շահագործման եվ էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները» հաստատելու մասին

«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
6 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006319

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 օգոստոսի 2006 թ.

թիվ 519-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿԱՊՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու շահագործման և էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները»` համաձայն հավելվածի (կցվում է): 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական 
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 31
 Երևան


 


Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 29-ի 
թիվ 519-Ն որոշման

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿԱՊՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (այսուհետ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) հատուկ կապուղի տրամադրելու նպատակով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը պատկանող մեկ կետ Կենտրոնական բանկը միացնում է իրեն պատկանող  Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցին և ապահովում է ցանցի սպասարկումը:

2. Կենտրոնական բանկի և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ներդրման և հետագա սպասարկման մասին» պայմանագիր, որով կարգավորվում են նաև Կենտրոնական բանկի և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության փոխհարաբերությունները՝ կապված ցանցի միացման և սպասարկման հետ:

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ծառայություններից օգտվում է իր մոտ տեղադրված աբոնենտական կայանի միջոցով:

4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հատուկ կապուղու շահագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ներդրման և հետագա սպասարկման մասին» պայմանագրի դրույթների համաձայն:

5. Հաշվի առնելով Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի և էլեկտրոնային փոստի միջոցով իրականացվող փաստաթղթաշրջանառության կարևորությունը` Կենտրոնական բանկը  իրավական ակտերի (որոշումների) միջոցով կարող է ընդունել ցանցի և էլեկտրոնային փոստի անվտանգության ու շահագործման արարողակարգերի վերաբերյալ պարտադիր պահանջներ, որոնց ապահովումը պարտադիր է ցանցի բոլոր մասնակիցների համար, և դրանց ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում պետք է տեղեկացնի այդ մասին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

6. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պետք է Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի հետ աշխատելու թույլտվություն տրամադրի միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան ուսուցում անցած անձանց:

7. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի անվտանգության պատասխանատու աշխատակից, որը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված նույնականացուցիչ (Այ-Դի) ֆայլի համար, ապահովում է Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի անվտանգ և անխափան շահագործումը:

8. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից նույնականացուցիչ ֆայլերը, դրանց կրկնօրինակները և այդ ֆայլերի գաղտնաբառերի արժեքները պետք է պահվեն ապահով տեղում՝ չհրկիզվող պահարանում: 

9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցին միացված աբոնենտական կայանը պետք է ունենա առնվազն ցանցի երկու ադմինիստրատոր՝ տարբեր դեպքերում (արձակուրդ, գործուղում, աշխատանքից ազատում) նրանց փոխարինելիությունը ապահովելու համար:

10. Երկարատև բացակայության դեպքում (գործուղում, արձակուրդ, հիվանդություն) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աբոնենտական կայանի օգտագործողների նույնականացուցիչ ֆայլերը անհապաղ պետք է կասեցվեն, իսկ օգտագործողի աշխատանքից ազատվելու դեպքում այդ օգտագործողի նույնականացուցիչ ֆայլը պետք է անմիջապես հեռացվի աբոնենտական կայանից (կամ վերանվանվի), և նրա փոստարկղը նախապես արխիվացվելով պետք է  ոչնչացվի:

11. Նույնականացուցիչ ֆայլը, ադմինիստրատորների և օգտագործողների գաղտնաբառերը պարտադիր պետք է պարբերաբար փոփոխվեն՝

● ադմինիստրատորների գաղտնաբառերը՝ առնվազն երկու ամիսը մեկ անգամ,

●  օգտագործողների գաղտնաբառերը՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ,

●  էլեկտրոնային նոր բանալիների ստեղծում՝ առնվազն տարին մեկ անգամ:

12. Օգտագործողի նույնականացուցիչ ֆայլի գաղտնաբառը պարտադիր պետք է փոփոխվի նաև հետևյալ դեպքերում.

●  նոր նույնականացուցիչի ստացում,

●  համակարգչի վրա, որում տեղադրված էր նույնականացուցիչը, կատարվել են աշխատանքներ սպասարկող կազմակերպության կամ որևէ անձի կողմից,

●  անվտանգության պատասխանատուի և համակարգի ադմինիստրատորի ազատման կամ այլ աշխատանքի տեղափոխման դեպքում,

●  նույնականացուցիչ ֆայլը այլ անձի մոտ լինելու կասկածի դեպքում:

13. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի խափանման դեպքերում պետք է ունենա ներքին օգտագործման համար սահմանված «Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան», որը պետք է հաստատվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից:

14. Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանը պետք է տեղադրվի հատուկ պաշտպանված սենյակում, ուր աշխատակիցների մուտքը սահմանափակ է:

15. Օգտագործողի մուտքը Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանի համակարգիչ պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով (Սետապ փասվորդ) իսկ էկրանը երկարատև չաշխատելու դեպքում` անցնի հետագայում գաղտնաբառի միջոցով գործարկվող ավտոմատ անջատման ռեժիմ (Սկրին սերվեր վիթ փասվորդ):

16. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանի սարքավորումները պարտադիր պետք է ունենան անխափան սնուցման սարք:

17. Պատահական սխալներից կամ չարամիտ գործողություններից խուսափելու համար Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի և ծրագրային ապահովման կանխարգելիչ սպասարկման աշխատանքները պետք է կատարվեն համակարգի աշխատանքային ժամերից դուրս: Վթարների վերացման և կանխարգելիչ սպասարկման աշխատանքներն իրականացնող անձի (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Կենտրոնական բանկի կամ սպասարկող կազմակերպության աշխատակցի) գործողությունները պետք է վերահսկվեն Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ադմինիստրատորի կամ անվտանգության պատասխանատուի կողմից:

18. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է աբոնենտական աշխատակայանում կասեցնել գործողությունների համապատասխան «Լօգ» ֆայլում նույնականացուցիչ ֆայլերի, գաղտնաբառերի, տվյալների բազաների և էլեկտրոնային բանալիների հետ կատարված ցանկացած գործողության ավտոմատ գրանցման ռեժիմները:

19. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է իր աբոնենտական աշխատակայանից առանց արխիվացման հեռացնել կամ ոչնչացնել բոլոր տիպի «Լօգ» ֆայլերը, փոստային արկղերը, տվյալների բազաները:

20. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ցանցի չարտոնված օգտագործման կամ նման սպառնալիքի ծագման դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Կենտրոնական բանկին:

21. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանում օգտագործել ծրագրային միջոցներ, որոնք թույլատրված չեն Կենտրոնական բանկի կողմից:

22. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանին միացնել որևէ սարք կամ կապուղի (հատկացված կամ կոմուտացված), որը թույլատրված չէ Կենտրոնական բանկի կողմից:

23. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունների արդյունքում ցանցի բնականոն աշխատանքին սպառնացող որևէ վտանգի դեպքում Կենտրոնական բանկը իրավունք ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև խնդրի լուծումը:

24. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կապուղու միջոցով ուղարկած ցանկացած հաղորդագրության կրկնօրինակը (անկախ պարունակվող որոշման բովանդակությունից) ուղարկում է նաև Կենտրոնական բանկին:

25. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը իր բոլոր հաղորդագրությունները պետք է ուղարկի և ստանա դրանց պատասխանները միայն իր «Հարկադիր/Սի-Բի-Էյ-Նեթ» հասցեի միջոցով, որը ցանցում օգտագործվում է անգլերեն տառերով:

26. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը էլեկտրոնային փոստի շահագործումն իրականացնում է սույն կանոնների 2-րդ կետում նշված պայմանագրին կից Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ձեռնարկի համաձայն: