10/06/1999

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եվ վերահսկողության կարգը հաստատելու մասին


«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 404
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 04.10.00 N 622)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 04.10.00 N 622)

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, պետական ու այլ հիմնարկների կողմից բացված բանկային հաշիվներում գոյացող ֆինանսական միջոցների սպասարկումը, հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին առնչվող բոլոր դրամական հոսքերը (բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արտաբյուջետային, դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում ներառել տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացմանը և դրանց տնօրինմանը վերաբերող տեղեկատվությունը:

(3-րդ կետը փոփ. 04.10.00 N 622, 21.01.10 N 55-Ն, լրաց. 26.05.11 N 714-Ն)

3.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վրա:

(3.1-րդ կետը լրաց. 01.07.10 N 819-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի N 565 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 17 որոշման 1-ին կետը:

(4-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 


Հաստատված է 
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 404 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 04.10.00 N 622)

  

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության գործընթացը:

(1-ին կետը փոփ. 04.10.00 N 622)

2. Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառում են`

ա) պետական ու այլ հիմնարկներին ոչ պետական աղբյուրներից տրամադրված` անվերադարձ և չփոխհատուցվող արտաբյուջետային ֆինանսական միջոցներն ու բնաիրային հատկացումները.

բ) պետական ու այլ հիմնարկների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման դիմաց վճարվող ոչ բյուջետային ֆինանսական միջոցները և բնաիրային հատկացումները:

(2-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

3. Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների (այսուհետև` հիմնարկ) արտաբյուջետային միջոցները (ոչ բնաիրային) մուտքագրվում են տվյալ հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանման (այսուհետև` ՏԳԲ) արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին (այսուհետև` բանկային հաշիվ):

(3-րդ կետը փոփ. 04.10.00 N 622, 21.01.10 N 55-Ն, 26.05.11 N 714-Ն)

4. Բանկային հաշվում կուտակվող միջոցները կարող են տնօրինվել, եթե դրանց նախահաշիվը, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, հաստատված է տվյալ հիմնարկի վերադաս մարմնի կողմից:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների արտաբյուջետային միջոցների (բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արտաբյուջետային, դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) նախահաշիվները և գնումների անվանացանկը նշված մարմինների ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նախահաշիվների ցուցանիշներն օրենքով սահմանված կարգով ներառվում են տվյալ տարվա պետական բյուջեում: Հաստատված նախաշիվներով սահմանված հատկացումների ցուցանիշների միջև ներքին հոդվածային վերաբաշխումները և գնումների անվանացանկում փոփոխություններն իրականացվում են բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների բանկային դեպոզիտային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների համար բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 205 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դատարանների գանձապետական բանկային արտաբյուջետային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների, դատարանի նախագահի կողմից` դատարանի որոշումներին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանի գանձապետական բանկային արտաբյուջետային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանի որոշումներին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. 03.02.00 N 49, փոփ. 04.04.00 N 155, լրաց. 08.04.02 N 340, խմբ. 21.01.10 N 55-Ն, լրաց. 20.05.10 N 577-Ն, 26.05.11 N 714-Ն)

5. ՏԳԲ-ում հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկումը և հաշվառումը յուրաքանչյուր հիմնարկի համար կատարվում է առանձին:

6. Հիմնարկի կողմից բանկային հաշիվներից գումարների ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված ընթացակարգով, եթե ապահովված է սույն կարգի 4-րդ կետի պահանջը:

7. Հիմնարկը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում hիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետով նախատեսված Հ-3 oրինակելի ձևին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 04.04.00 N 155, խմբ. 26.10.06 N 1519-Ն, փոփ. 21.01.10 N 55-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 26.10.06 N 1519-Ն)

 

Ձև

 

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ

(Ձևն ուժը կորցրել է 04.04.00 N 155)

 

Ձև 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ

(Ձևն ուժը կորցրել է 04.04.00 N 155)