10/01/2024

Արդարադատության նախարարի N 2-Ա որոշում

ՈՐՈՇՈՒՄ N 2-Ա
Կառավարչին հաշվառումից հանելու մասին
09.01.2024թ.                                                                                                              ք. Երևան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանս, ուսումնասիրելով արդարադատության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին» N 96-Ա որոշումն (այսուհետ նաև՝ Որոշում) ուժի մեջ մտնելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերը.
ՊԱՐԶԵՑԻ
  1. Էական նշանակություն ունեցող փաստեր.
  • Արդարադատության նախարարությանն (այսուհետ նաև՝ Նախարարություն) ուղղված թիվ Մ/91446-2023 դիմումով քաղաքացի Հասմիկ Հովհաննիսյանի կողմից տեղեկատվություն է տրամադրվել առ այն, որ Արսեն Չիտչյանը թիվ ԵԴ/0285/01/22 քրեական գործով դատապարտվել է քրեական օրենսգրքի համապատասխանաբար՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար:
  • Թիվ ԵԴ/0285/01/22 քրեական գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ին կայացված դատավճռի համաձայն՝ Արսեն Չիտչյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ հանցագործությունների կատարման ժամանակ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրհիսունապատիկի՝ 1.000 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
  • Համաձայն www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում զետեղված տվյալների՝ դատաքննությամբ, գործի տվյալներով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել, որ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հոկտեմբերի 20-ի վճռով ամբաստանյալ Արսեն Վասիլի Չիտչյանը նշանակված լինելով «Եվրո Էքս կապիտալ» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի՝ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն ընկերության լուծարման գործընթացը սեղմ ժամկետներում իրականացնելու, կալանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների կալանքը վերացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ) ծառայության համապատասխան աշխատակցին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով, շահադիտական նպատակով, նախքան կարծեցյալ կաշառքի առարկան իրեն հանձնելը գիտակցելով, որ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկելու և գումարը հափշտակելու է, օգտվելով նույն ընկերության երաշխավոր Հակոբ Թորոսի Ումրիկյանի համար ստեղծված իրավիճակում առավել բարենպաստ հետևանքներ առաջացնելու հարցում անձնական շահագրգռվածությունից, 2021թ մայիսի 27-ի ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 5-րդ շենքի 108-րդ աշխատասենյակում, Հակոբ Ումրիկյանին հավաստիացնելով, որ գործնական կապեր ունի «Եվրո Էքս կապիտալ» ՍՊ ընկերության լուծարման գործընթացով զբաղվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան աշխատակցի հետ, ցուցաբերելով իր միջոցով վերջինիս կաշառք տալու նախաձեռնություն, այդ կերպ ազդել է Հակոբ Ումրիկյանի գիտակցության և կամքի վրա՝ նրա մոտ առաջացրել է կաշառք տալու դիտավորություն և վճռականություն: Միաժամանակ գիտակցելով, որ իր գործողություններով Հակոբ Ումրիկյանին դրդում է հանցանքի կատարման, նախատեսելով և ցանկանալով վերջինիս կողմից այդ հանցանքի կատարումը, Արսեն Չիտչյանը դրդել է Հակոբ Ումրիկյանին՝ խոշոր չափերով կաշառք տալուն:
Այնուհետև, 2021թ. հունիսի 16-ին ժամը 10:00-ի սահմաններում, իր վերոհիշյալ աշխատասենյակի ընդունարանում, ամբաստանյալ Արսեն Չիտչյանը ստացել է ամբաստանյալ Հակոբ Ումրիկյանի կողմից՝ վերջինիս ծանոթ Հովհաննես Նիկոլայի Ապրեսյանի միջոցով ուղարկված, կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերով՝ 2.603.900 /երկու միլիոն վեց հարյուր երեք հազար ինը հարյուր/ ՀՀ դրամին համարժեք 5000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլար գումարը, սակայն չի փոխանցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որևէ աշխատակցի և հափշտակել է այն, քանի որ դեռևս 2021թ. հունիսի 4-ին «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊ ընկերության վերաբերյալ վարույթը կարճվել է, որպիսի պարագայում` Հակոբ Թորոսի Ումրիկյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել կաշառք տալու իր մտադրությունը:»:
  • Թիվ ԵԴ/0285/01/22 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի դատավճռի դեմ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Խաչատրյանի և ամբաստանյալ Արսեն Չիտչյանի պաշտպան Ա. Մակինյանի կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնց քննության արդյունքներով ամբաստանյալ Արսեն Չիտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքները վերաորակվել են և Արսեն Չիտչյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարհիսունապատիկի՝ 1.000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։
  • Նախարարության վերահսկողական վարչության պետ Հ. Սանոյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N-/28.1/52431-2023 գրությամբ, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար Ն. Գալստյանից հայցվել է տեղեկատվություն առ այն, թե՝ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ, սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0285/01/22 քրեական գործով առկա՞ է արդյոք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, թե՝ ոչ: Առկայության դեպքում հայտնել նաև՝ թե երբ է դատավճիռն օրինական ուժի մեջ մտել:
  • Ի պատասխան N-/28.1/52431-2023 գրության՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնակատար Վ. Ստեփանյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N-ԴԴՎ-1-ԴԴ/3198-23 գրությամբ, ի թիվս այլնի, հայտնվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/0285/01/22 քրեական գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ին կայացվել է դատավճիռ: Տվյալ դատական ակտը 2023 թվականի հունվարի 5-ին բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ի որոշմամբ, դատավճիռը մասնակիորեն փոփոխվել է: Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ին կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 8-ին:
  • Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 96-Ա որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլի Չիտչյանի որակավորումը դադարեցվել է:
  • Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի պետ Արամ Խաչատրյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N /28.1/54859-2023 գրությամբ Արսեն Վասիլի Չիտչյանի՝ snank.am էլեկտրոնային կայքում առկա էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվել է ծանուցում՝ Որոշման մասին: Նշված գրությամբ հայցվել է էլեկտրոնային հավաստում ներկայացնել այն կարդալու մասին, սակայն, կառավարչի կողմից էլեկտրոնային հավաստում չի ներկայացվել:
  • Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի պետ Արամ Խաչատրյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N /28.1/54959-2023 գրությամբ Արսեն Վասիլի Չիտչյանի աշխատավայրի հասցեով ուղարկվել է պատվիրված ծանուցում՝ Որոշման մասին: Նշված ծանուցման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
  • Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի պետ Արամ Խաչատրյանի՝ 2024 թվականի հունվարի 4-ի N /28.1/232-2024 գրությամբ Արսեն Վասիլի Չիտչյանի հաշվառման հասցեով ուղարկվել է պատվիրված ծանուցում՝ Որոշման մասին: Նշված ծանուցումը Արսեն Վասիլի Չիտչյանը ստացել է 2024 թվականի հունվարի 8-ին, որը հաստատվում տվյալ ծանուցումը ստացած լինելը հավաստող փաստաթղթով:
  1. Կիրառելի իրավական նորմեր.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 24.1. հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում»:
Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի՝ «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանի (այսուհետ նաև՝ Հրաման) հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ «Կառավարչի գործունեությունը կասեցնելու կամ որակավորումը դադարեցվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը որոշում է կայացնում կառավարչին հաշվառումից հանելու մասին, որից հետո կառավարիչների հաշվառման գրանցամատյանում այդ մասին կատարում է գրառում: Կառավարչի գործունեությունը կասեցնելու հիմքով հաշվառումից հանելու դեպքում նախարարությունը կայքում հրապարակված կառավարիչների ցանկում համապատասխան կառավարչի վերաբերյալ նշում է կատարում կառավարչի գործունեությունը կասեցված լինելու վերաբերյալ, իսկ որակավորումը դադարեցվելու հիմքով կառավարչին հաշվառումից հանելու դեպքում կայքում հրապարակված կառավարիչների ցանկից հեռացնում է կառավարչի վերաբերյալ տվյալները:»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:»:
Քաղաքացիական օրենսգրքի 330.1. հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:»:
  1. Իրավական վերլուծություններ և եզրահանգում.
Վերոշարադրյալ իրավանորմերի պահանջներից հետևում է, որ ի թիվս այլ հիմքերի, կառավարչին  հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում որակավորումը դադարեցնելը:
Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
Քննարկվող գործով Նախարարության կողմից ծանուցումներն ուղարկվել են ծանուցվողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով:
Փոստային կապի միջոցով 2024 թվականի հունվարի 4-ի N /28.1/232-2024 գրությամբ Արսեն Չիտչյանի հաշվառման հասցեով ուղարկված ծանուցումը վերջինս ստացել է 2024 թվականի հունվարի 8-ին, որը հավաստվում է ծանուցումը ստացած լինելու վերաբերյալ հանձնման մասին ծանուցմամբ:
Որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի որակավորումը դադարեցվել է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Որոշումն ուժի մեջ է մտել Արսեն Չիտչյանի կողմից իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, հետևաբար, առկա է Օրենքի 24.1 հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմք՝ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանին հաշվառումից հանելու համար:
Հիմք ընդունելով Որոշումը և ղեկավարվելով Օրենքի 24.1. հոդվածի 5-րդ մասով.
    ՈՐՈՇԵՑԻ
  1. Սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլի Չիտչյանին հաշվառումից հանել:
  2. Սույն որոշումը Հրամանի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ուժի մեջ է մտնում սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլի Չիտչյանին այն հանձնելուն (էլեկտրոնային փոստի միջոցով) հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ