31/08/2023

ՀՀ Արդարադատության նախարարի 516-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 516-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«31» ՕԳՈՍՏՈՍԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 347-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ, 2-րդ կետերով, 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով,  Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

  1. Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հաշվառման և վիճակագրության բաժինը և Ընդհանուր բաժինը միաձուլել՝ ստեղծելով Փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժին.

2) ստեղծել Անձնակազմի կառավարման բաժին.

3) ստեղծել Ֆինանսատնտեսական բաժին.

4) Նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժինը միացնել Ֆինանսատնտեսական բաժնին.

5) Էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն անվանափոխել Էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի.

6) Կազմակերպամեթոդական բաժինն անվանափոխել Կազմմեթոդական և վերլուծական բաժնի:

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 347-Լ հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
  2. Ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնն օրենքով սահմանված մրցութային կարգով համալրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 981-Ա հրամանը, 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 982-Ա հրամանը և նույն օրը Ծառայության գլխավոր քարտուղարի հրամանով հաստատել Ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը:
  3. Մինչև Ծառայության սույն հրամանի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով համալրումը (առնվազն 2/3 մասով) Ծառայության քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցության, կազմակերպական հարցերի կարգավորման, անձնակազմի կառավարման գործառույթները շարունակվում են իրականացնել Արդարադատության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները:
  4. Սույն հրամանի 4-րդ կետով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների համալրումից հետո՝ մեկամսյա ժամկետում, գործառույթների փոխանցմամբ պայմանավորված Արդարադատության նախարարության համապատասխան իրավական ակտերում կատարել փոփոխություններ:
  5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ