04/04/2023

Արդարադատության նախարարի N 23-Ա որոշում

ՈՐՈՇՈՒՄ N  23
Կառավարչի գործունեությունը վերականգնելու մասին
03.04.2023թ.                                                                                                        ք. Երևան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանս ուսումնասիրելով սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանի գործունեությունը վերականգնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
  1.  Էական նշանակություն ունեցող փաստերը.
  • Արդարադատության նախարարություն 30.03.2022 թվականին մուտքագրված թիվ Մ/26033-2023, թիվ Մ/26126-2023, թիվ Մ/26166-2023 դիմումներով (այսուհետ՝ Դիմում) սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանը (այսուհետ նաև՝ Կառավարիչ) հատնել է, որ վերացված են իր, որպես սնանկության գործով կառավարիչ, գործունեության կասեցման հիմքերը, խնդրել է վերականգնել իր՝ որպես սնանկության գործով կառավարչի գործունեությունը և հաշվառել իրեն որպես սնանկության գործով կառավարիչ:
  • Արդարադատության նախարարությանն ուղղված 28.03.2022 թվականի թիվ 530773 էլեկտրոնային դիմումի հիման վրա սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանը խնդրել է կասեցնել իր՝ սնանկության գործով կառավարչի գործունեությունը՝ որպես անհատ ձեռնարկատեր 03.2022 թվականին հաշվառումից հանվելու հիմքով:
Արդարադատության նախարարի՝ 06.04.2022 թվականի թիվ 34-Ա որոշմամբ սնանկության գոծով կառավարիչ Արգամ Խաչատրյանի գործունեությունը կասեցվել է:
  1. Կիրառելի իրավական նորմերը.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
Արդարադատության նախարարի 12.03.2020 թվականի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 108-Ն հրամանի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ «Սնանկության մասին» օրենքին համապատասխան կառավարչի գործունեությունը վերականգնվելու դեպքում նախարարությունը վերականգնում է կառավարչի հաշվառումը՝ համապատասխան գրառում կատարելով գրանցամատյանում և կայքում վերականգնելով կառավարչի վերաբերյալ տվյալները:
  1. Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենքով նախատեսված գործունեության կասեցման հիմքերը վերանալուց հետո կառավարչի գործունեությունը վերականգնելու համար հիմք է հանդիսանում վերջինիս կողմից ներկայացված դիմումը և համապատասխան փաստաթղթերը:
Կառավարչի կողմից ներկայացված դիմումի և համապատասխան փաստաթղթերի հիման վրա նրա գործունեությունը վերականգնվում է արդարադատության նախարարի որոշմամբ, որից հետո վերականգնվում է կառավարչի հաշվառումը՝ համապատասխան գրառում կատարելով գրանցամատյանում և կայքում վերականգնելով կառավարչի վերաբերյալ տվյալները:
Տվյալ պարագայում Կառավարիչը արդարադատության նախարարություն ներկայացված դիմումով խնդրել է վերականգնել իր՝ որպես սնանկության կառավարչի գործունեությունը և հաշվառել իրեն որպես սնանկության կառավարիչ՝ ներկայացնելով որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք՝ առ 28.03.2023 թվականը, համաձայն որի՝ հաշվառումից դուրս գալու վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն:
Նշվածի արդյունքում գտնում եմ, որ առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքը՝ սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանի գործունեությունը վերականգնելու համար:
Հիմք ընդունելով սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանի դիմումը, պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասով՝
ՈՐՈՇԵՑԻ
  1. Վերականգնել Արգամ Խաչատրյանի՝ որպես սնանկության գործով կառավարչի (որակավորման վկայականի համարը՝ 002-21) գործունեությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործով կառավարիչ Արգամ Խաչատրյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
 
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ