29/07/2022

ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի N 423-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N   423

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

« 29» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 404-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 405-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի    1-ին մասով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

                                                                                                                                                                                                 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատման գործիքների ձևաթղթերը հաստատելու մասին» 2022 թվականի հուլիսի 25-ի N 404-Լ հրամանի՝
  • Հավելվածներ N 1-ում և N 2-ում «ՁԵՎԱԹՈՒՂԹ» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«* Ծանոթագրություն

Ռիսկի զննությունն իրականացվում է անձի՝ հիմնարկ մուտք գործելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Զննությունն իրականացվում է նաև այն դեպքում, երբ ազատությունից զրկված անձի կյանքում տեղի է ունեցել որևէ նշանակալի իրադարձություն, կամ նրա մոտ քրեակատարողական ծառայողի կողմից նկատվել է հոգեկան առողջության խնդիր: Հոգեկան խանգարման զգալի ռիսկ հայտնաբերելու դեպքում գնահատումն իրականացնելը պարտադիր է:».

  • Հավելված N 3-ում «ՁԵՎԱԹՈՒՂԹ» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«* Ծանոթագրություն

Անհապաղ ուղղորդման դեպքում գնահատումն իրականացվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան  48 ժամվա  ընթացքում, իսկ հերթական ուղղորդման դեպքում` ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում: Գնահատման հիման վրա մշակվում է դատապարտյալի նկատմամբ իրականացվող հոգեբանական և հոգեբուժական միջամտությունների պլան: Գնահատումն իրականացնում է հոգեբույժը: Հոգեբույժի բացակայության դեպքում գնահատումը կարող է իրականացնել հոգեբանը, սակայն միջամտությունների պլանի համաձայն հոգեբույժի ներգրավման անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ ապահովվում է հոգեբուժական այց, որի հիման վրա հստակեցվում են անձի հետ կատարվող աշխատանքները:»:

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության և գնահատման գործիքների ձևաթղթերը հաստատելու մասին» 2022 թվականի հուլիսի 26-ի N 405-Լ հրամանի՝

1) Հավելվածներ N 1-ում, N 2-ում, N 3-ում և N 4-ում «հուլիսի 25-ի» բառերը փոխարինել «հուլիսի 26-ի» բառերով.

2) Հավելված N 1-ում «Ծանոթագրություն» բառից հետո 1-ին կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«1. Ռիսկի զննությունն իրականացվում է պատասխանատու հերթապահի (անհնարինության դեպքում՝ իր կողմից նշանակված անձի) կողմից ազատությունից զրկված անձի՝ հիմնարկ մուտք գործելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Զննությունն իրականացվում է նաև այն դեպքում, երբ առկա է ազատությունից զրկված անձի վարքագծի վերաբերյալ անհանգստություն, կամ նրա կյանքում տեղի է ունեցել որևէ նշանակալի իրադարձություն, կամ նրա մոտ քրեակատարողական ծառայողի կողմից նկատվել է ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկ: 2 միավորից բարձր ռիսկի աստիճանի դեպքում անձը, զննությունն իրականացրած անձի զեկուցագրի հիման վրա, պետք է անմիջապես, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում ենթարկվի խորքային գնահատման։ Մինչ գնահատումն իրականացնելը պատասխանատու հերթապահը կազմում է ռիսկերի կառավարման պլան՝ այն զեկուցագրով ներկայացնելով հիմնարկի պետին: Հիմնարկի պետի հանձնարարությամբ ձևավորվում է բազմամասնագիտական թիմ՝ հիմնարկ մուտք գործած անձի հետ հանդիպելու և ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ անելու նպատակով: Թիմը հանդիպում է ըստ տվյալ ազատազրկված անձի ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկերի կառավարման անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ։ Բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր անդամի կողմից հնչեցված կարծիքները և պլանավորվող միջոցառումները գրանցվում են ռիսկերի կառավարման պլանում: Ամեն ամիս բազմամասնագիտական թիմի առաջարկությունների և կարծիքների հիման վրա պատասխանատու հերթապահը տեղեկացնում է հիմնարկի պետին ռիսկերի կառավարման պլանը փակելու մասին։ Յուրաքանչյուր ազատազրկվածի համար կազմվում է ռիսկերի կառավարման մեկ պլան, որը սահմանված կարգով պահպանվում է պատասխանատու հերթապահների աշխատասենյակում։»:

  1. Հավելված N 4-ում «ՁԵՎԱԹՈՒՂԹ» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«* Ծանոթագրություն

Գնահատումն իրականացվում է հոգեբանի կողմից: Հոգեբանի բացակայության դեպքում գնահատումն իրականացնում է սոցիալական աշխատողը: Գնահատման լրացված ձևաթղթի պատճենը տրամադրվում է հոգեբույժին՝ հոգեպաթոլոգիկ կամ հոգեբուժական այլ խնդիրների բացահայտման, միջամտության և վերահսկողություն իրականացնելու նպատակով:»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից:

 

   

                                                                              

                                                                                      ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Արդարադատության նախարար