03/01/2022

Հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2021 թվականների ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է 6768 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 112 փակ բաժնետիրական ընկերություն, 1 բաց բաժնետիրական ընկերություն, 2 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 27 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 13 գյուղատնտեսական կոոպերատիվ, 1 արտադրական կոոպերատիվ, 58 առանձնացված ստորաբաժանում 19668  անհատ ձեռնարկատեր, որից 2322 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 522 հասարակական կազմակերպություն, 28 կուսակցություն,  145 հիմնադրամ, 8 արհեստակցական կազմակերպություն,  1 կրոնական կազմակերպություն, 4 պետական մարմին, 1 հիմնարկ, 1 պետական կառավարչական հիմնարկ, 9 սպառողական կոոպերատիվ, 25 համատիրություն: Իրականացվել է իրավաբանական անձանց մոտ 14657 փոփոխության գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների մոտ 3685 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանում 5163 և իրավաբանական անձանց լուծարման 722 գրանցում և հաշվառում:

Իրականացվել է միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 14 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում թվով 17 իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումներ, առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 19 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 21 իրավաբանական անձանց պետական գրանցումներ, միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 2 իրավաբանական անձանց գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 1 իրավաբանական անձի պետական գրանցումներ, բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 2 իրավաբանական անձանց գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 5 իրավաբանական անձի պետական գրանցումներ: Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 1 իրավաբանական անձի գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 1 իրավաբանական անձի պետական գրանցումներ:

Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 2743:

Հաշվառվել է 7 զանգվածային լրատվության միջոց։

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 195471  հայտարարություն:

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.e-register.am կայք էջերի վարումը:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  ապահովված 2758 իրավունք և տրամադրել 583 քաղվածք:

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառումներ են կատարվել սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող անձանց կողմից կիրառված և գործակալությանը տրամադրված թվով 1361  ակտերի համաձայն:

Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո՝ 2021 թվականի ընթացքում ներկայացվել է թվով 507 հայտարարագիր (այդ թվում՝ շահառուների փոփոխությամբ պայմանավորված նոր հայտարարագրեր)։

Միաժամանակ 2021 թվականի ընթացքում Գործակալության կողմից իրականացվել է  օրենքով սահմանված ժամկետում իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձի իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու հիմքով հարուցված թվով 139 վարչական վարույթ, որից 4-ը՝ կասեցվել են,  22 վարչական վարույթների ժամկետները երկարաձգվել, 101 հարուցված վարչական վարույթները կարճվել են՝ վարչական վարույթի ընթացքում իրական շահառուի հայտարարագրերը ներկայացնելու հիմքով, իսկ թվով 12 վարչական վարույթի իրականացման արդյունքում իրավաբանական անձի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նախազգուշացում։

2021 թվականի փետրվարի 26-ին ուժի մեջ է մտել Գործակալության կողմից մշակված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը, որով նախատեսվել էին հետևյալ փոփոխությունները․

  • Առևտրային կազմակերպությունների սկզբնական գրանցման ժամկետը երկու աշխատանքային օրից կրճատվել է մեկ աշխատանքային օր: Բացառություն են հանդիսանում այն դեպքերը, երբ իրավաբանական անձի հիմնադիրների կազմում կա ոչ ֆիզիկական անձ հիմնադիր:
  • Նպատակ ունենալով նաև խրախուսել առցանց ծառայություններից օգտվելը՝ վերացվում է 3000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման պահանջը առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքերի համար․ առևտրային կազմակերպությունների գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:
  • Սահմանվել է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի, կարգավորվում են նաև արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ:
  • Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Եթե նախկին օրենսդրությամբ մասնակցի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունն իրականացվում էր միայն իրավաբանական անձի կանոնադրության փոփոխության եղանակով, ապա ներկայացված Փաթեթով նշված փոփոխությունն իրականացվում է դիմումի հիման վրա։
  • Նախատեսվել է նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու նպատակով լիազորված անձի կողմից թղթային եղանակով դիմում ներկայացնելու հնարավորություն։ Մինչ այդ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անձը պետք է անձամբ ներկայանար ռեգիստր:
  • Լուծարման գրանցման համար պահանջվող դատական դեպարտամենտից և ԴԱՀԿ-ից ներկայացվող տեղեկանքների վաղեմության ժամկետը 1 շաբաթվա փոխարեն երկարացվել և սահմանվել է 10 աշխատանքային օր:
  • Սահմանվել է դիմող անձի կողմից պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն:
  • Նախկինում գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված էր մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, Փաթեթով հանվել է:
  • Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։
  • Սահմանվել է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։
  • Սահմանվել է Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելու հնարավորություն՝ հեշտացնելով նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիներին Հայաստանում բիզնես հիմնադրելու եղանակով ներդրումների իրականացման համապատասխան գործընթացների կազմակերպումը։
  •  Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը նախկինում գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ սահմանվել է հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Նախկինում գործող կարգավորումներով նաև սահմանված էր հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը ևս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով։
  • Արհեստակցական միությունների պետական գրանցման սահմանված 30 օրյա ժամկետը կրճատվել է՝ սահմանելով 10 աշխատանքային օր, որպիսի ժամկետը կիրառվում է նաև փոփոխությունների պետական գրանցման դեպքում։
  • Սահմանվել է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը։

Գործակալության կողմից մշակվել են և ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ թվով 2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր.

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարների չափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ (ընդունվել է 21 հոկտեմբերի 2021 թ․, N 1746-Ն)։

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ (ընդունվել է 21 հոկտեմբերի 2021 թ․, N 1716-Ն)

Գործակալության կողմից մշակվել են նաև.

-Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումների նախագծերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 959 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 959-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N 1665-Ն որոշում)

-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների նախագծեր՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրաման)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի մայիսի 25-ի N 280-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի մայիսի 25-ի «Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» N 280-Ն հրաման)

3. Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 10-ի N 146-ն և 2007 թվականի հունիսի 18-ի N 131-ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի N 85-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրաման)