21/12/2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի N 118-Ա որոշում

 

 

ՈՐՈՇՈՒՄ N 118

Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին

 

18 .12.2020թ.  ք. Երևան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանս՝ ուսումնասիրելով սնանկության գործերով կառավարիչ Դավիթ Ադամյանի (այսուհետ՝ նաև Կառավարիչ) գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.

 

ՊԱՐԶԵՑԻ

 

  1. 1.    Էական նշանակություն ունեցող փաստերը.

Դավիթ Ադամյանը ՀՀ արդարադատության նախարարությունում (այսուհետ նաև՝ Նախարարություն) հաշվառված է որպես սնանկության գործերով կառավարիչ:

Հաշվառվելիս Դավիթ Ադամյանը  Նախարարություն է ներկայացրել թիվ ԸՊ001373 ապահովագրության վկայագիրը՝ կնքված 02.10.2019թ.-ին, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում: Ապահովագրական վկայագրի գործողության ժամկետը սահմանվել է 06.10.2019թ.-ից մինչև 05.10.2020թ.-ը:

Թիվ ԸՊ001373 ապահովագրության վկայագրի գործողությունը ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ Կառավարիչը ապահովագրության նոր պայմանագիր չի կնքել և Նախարարություն չի ներկայացրել: Ընդ որում, Կառավարչի կողմից ապահովագրության նոր պայմանագիր մինչ այժմ չի կնքվել:

Հիշյալ փաստերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 496-Ա հրամանի համաձայն հարուցվել է վարչական վարույթ՝ սնանկության գործերով կառավարիչ Դավիթ Ադամյանի գործունեությունը կասեցնելու նպատակով:

Վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 17-ին նշանակվել են լսումներ, որի վերաբերյալ Կառավարչին ուղղարկված ծանուցումը վերջինս ստացել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին: Սակայն, Կառավարիչը, լինելով պատշաճ ծանուցված, ոչ միայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին, այլև չի ներկայացրել որևէ բացատրություն, առարկություն, միջնորդություն (այդ թվում՝ առաջարկված էլեկտրոնային փոստի հասցեին):

  1. 2.    Կիրառելի իրավական նորմերը. 

«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, ինչպես նաև այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառման համար դիմում ներկայացնելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը` նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

Օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը` սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

  1. 3.   Իրավական հարցադրումը. 

Արդյո՞ք այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչ Դավիթ Ադամյանը սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվության ապաhովագրական պայմանագիրը Օրենքով սահմանված կարգով ու ժամկետում չի կնքել և չի ներկայացրել Նախարարություն, հիմք է վերջինիս գործունեությունը կասեցնելու համար:

  1. 4.   Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.

Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է հետևյալը. կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Ընդ որում, Օրենքով սահմանվում է, որ գործող ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարիչը պարտավոր է կնքել նոր պայմանագիր և նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը ներկայացնել Նախարարարություն:

Բացի այդ Օրենքը վերը նշված իմպերատիվ պահանջը կառավարչի կողմից չկատարելու համար նախատեսում է նաև անբարենպաստ իրավական հետևանք, այն է՝ կառավարչի գործունեությունը ենթակա է կասեցման:

Այսպիսով, ուսումնասիրելով սնակության գործերով կառավարիչ Դավիթ Ադամյանի վերաբերյալ առկա տեղեկությունները, պարզվել է, որ թիվ ԸՊ001373 ապահովագրության վկայագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ վերջինս ապահովագրության նոր պայմանագիր չի կնքել և Նախարարություն չի ներկայացրել: Ընդ որում, Կառավարչի կողմից ապահովագրության նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ որևէ ապացույց մինչ այժմ առկա չէ:

Այսպիսով Կառավարչի կողմից խախտվել է Օրենքի պահանջը, որի արդյունքում վերջինիս գործունեությունը ենթակա է կասեցման Օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սնանկության գործերով կառավարիչ Դավիթ Ադամյանի (որակավորման վկայականի համարը՝ 08/2015, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 264.870976, գործունեության վայրի հասցեն՝ ք․Երևան, Յան Ռայնիսի 3 շենք, 12 բն., ծանուցման հասցեն՝ ք․Երևան, Յան Ռայնիսի 3 շենք, 12 բն.) գործունեությունը կասեցնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Դավիթ Ադամյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: