Դեպի վեր

15/12/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 117-Ա որոշում

 

 

ՈՐՈՇՈՒՄ N 117-Ա 

Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին

 

14.12.2020թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանս՝ ուսումնասիրելով սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.

 

ՊԱՐԶԵՑԻ 

 

  1. 1.    Էական նշանակություն ունեցող փաստերը.

«Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ ԻԿԿ) դիտորդ խորհրդի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի (որակավորման վկայականի համար՝ 20121102-00058) անդամակցությունը ԻԿԿ-ին 2020 թվականի հուլիսի 1-ից դադարեցվել է ` իր դիմումի համաձայն:

Սնանկության գործերով կառավարիչն ինքնակարգավորվող կազմակերպությունում իր անդամակցությունը դադարեցնելուց հետո մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ:

Հիշյալ փաստերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 489-Ա հրամանի համաձայն հարուցվել է վարչական վարույթ՝ սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի (որակավորման վկայականի համարը՝ 20121102-00058, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 26.26641, գործունեության վայրի հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33, ծանուցման հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33) գործունեությունը կասեցնելու նպատակով:

Վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 11-ին նշանակվել են լսումներ, որի վերաբերյալ կառավարչին ուղղարկված ծանուցումը վերջինս ստացել է 2020 թվականի դեկտեմբերի 8-ին: Սակայն Գևորգ Շահվերդյանը, լինելով պատշաճ ծանուցված, ոչ միայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին, այլև առաջարկված էլեկտրոնային փոստի հասցեին չի ուղարկել որևէ բացատրություն, առարկություն, միջնորդություն: Ավելին, հեռախոսազանգով հաղորդել է, որ իր գործունեության կասեցման վերաբերյալ առարկություններ չունի:

  1. 2.    Կիրառելի իրավական նորմերը. 

«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ: 

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: 

  1. 3.   Իրավական հարցադրումը. 

Արդյո՞ք այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչ Գևորգ Շահվերդյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ, հիմք է վերջինիս գործունեությունը կասեցնելու համար:

 

  1. 4.   Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.

Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է հետևյալը. սնանկության գործերով կառավարիչը պետք է անդամակցի կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության: Միևնույն ժամանակ, Օրենքը կառավարչին օժտել է ինքնակարգավորվող կազմակերպությունում իր անդամակցությունը դադարեցնելու իրավունքով: Կառավարչի նշված իրավունքի իրականացումն իր հերթին առաջացնում է օրենքով նախատեսված պարտականություն, այն է՝ վերջինս ինքնակարգավորվող որևէ կազմակերպությունից դուրս գալուց հետո պարտավոր է ինքնակարգավորվող մեկ այլ կազմակերպության անդամ դառնալ: Ընդ որում, տվյալ պարտականության իրականացման համար Օրենքը նախատեսել է մեկամսյա ժամկետ, որը կրում է իմպերատիվ բնույթ:

Օրենքի նշված պահանջը չկատարելու արդյունքում կառավարչի համար առաջացող բացասական հետևանքն իր գործունեության կասեցումն է:

Այսպիսով, ուսումնասիրելով սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի փաստական հանգամանքները և դրանք համադրելով վերոնշյալ իրավական նորմերի հետ՝ գտնում եմ, որ սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի կողմից չի պահպանվել օրենքով նախատեսված պահանջը՝ ԻԿԿ-ում իր անդամակցությունը դադարեցնելուց հետո մեկամսյա ժամկետում այլ ԻԿԿ-ի անդամ դառնալը, ինչը հիմք է վերջինիս գործունեությունը կասեցնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանի (որակավորման վկայականի համարը՝ 20121102-00058, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 26.26641, գործունեության վայրի հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33, ծանուցման հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33) գործունեությունը կասեցնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Գևորգ Շահվերդյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն