Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում» ձեռնարկը

25/10/2013

 Հոկտեմբերի 24-ին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ,  ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն», «ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ների հետ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում» ձեռնարկի շնորհանդեսը:

 Միջոցառման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև արդարադատության համակարգում առկա սոցիալական աշխատանքի վիճակին ու զարգացման հեռանկարներին՝ Հայաստանի Հանրապետությունում պատիժների կատարման համակարգի բարեփոխումների համատեքստում:

 Միջոցառմանը ներկա IRZ (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը խոսել է իրականացված ծրագրի, կազմակերպության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում հրատարակված ձեռնարկի մասին, որի  նպատակն է  աջակցել պատիժների կատարման համակարգում ընթացող բարեփոխումներին:

 ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը ներկայացրել է բարեփոխման բաղադրիչները`  առկա իրավական ակտերի նախագծերը և կարևորել մասնագիտական գրականության առկայությունը համակարգի մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ նա ներկայացրել է որոշ մանրամասներ  «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, զարգացման    ընթացքի և նոր ծրագրերի  մասին: