Փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու ծրագրերն Արա Մկրտչյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» ծրագրի բացմանը

21/03/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է գտնվել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր ծրագրի բացման միջոցառմանը: Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար: Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման կարևորությունը, Արա Մկրտչյանը նշել է, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հաշվետվությունների ներկայացման ազգային գործիքները կատարելագործելու համար: Նախարարի տեղակալը նշել է, որ միևնույն ժամանակ ոլորտի հայաստանյան գործընկերների հմտությունների զարգացմանն ուղղված միջազգային լավագույն փորձի ներդրումը կապահովի կոռուպցիոն երևույթների և անդրազգային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Նոր ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից՝ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ: