Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

02/02/2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։
Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես անդրադարձ է կատարել փետրվարի 1-ից գործող քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ այս ոլորտում գործուն աջակցության համար:
Ներկայացվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի աշխատանքներն ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը:
Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման (CEPA), ԵՄ-Հայաստան Արդարադատության բարեփոխումների ռազմավարական երկխոսության (Justice Dialogue) և Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության (CEPA HRD) նիստերի պարբերական անցկացման կարևորությունը:
Երկուստեք ընդգծվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումն ու այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից աջակցության շարունակականության ապահովումը:
Նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ԵՄ Բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու այս ուղղությամբ մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համար: