Հանրային իրավունքի եվրոպական միջազգային կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է կազմակերպության ղեկավարին

13/11/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ:
Հանդիպմանը նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Քննարկվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ հնարավոր աջակցությունը:
Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ ոլորտի բարեփոխումներն իրապես կարևոր են և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանում տեղի ունեցող Սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ նախարար Գրիգոր Մինասյանը 2024թ.-ի հունվարին Պորտուգալիայում կմասնակցի EPLO-ի տնօրենների խորհրդի միջոցառմանը, որտեղ կներկայացնի Հայաստանում ընթացող Սահմանադրական բարեփոխումների ընթացքը:
 Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության աջակցությունը՝ Սահմանադրական բարեփոխումներին, կօգնի բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնել հաջողությամբ և եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
Կողմերը պայմանավորվել են վրաց-հայկական իրավական ֆորումին ներգրավվել նաև Հայաստանում և Վրաստանում տեղակայված EPLO-ի առաջատար և փորձառու մասնագետներին:
Նախարար Գրիգոր Մինասյանն ու EPLO-ի ղեկավարը քննարկել են համագործակցության այլ տարբերակներ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի բարելավման: