Այսուհետ քաղաքացիներն ստիպված չեն լինի բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո սպասել ևս 7 օր, որպեսզի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դրված արգելանքը հանվի. թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված ավտոմատացված համակարգի շնորհիվ արգելանքի հանումն այժմ կկատարվի 1 օրվա ընթացքում

01/09/2022

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Կոնվերս Բանկ»-ի պիլոտային ծրագրի շրջանակներում գործարկվել է ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 1 շաբաթվա փոխարեն:
Թվային լուծումների շնորհիվ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս՝ վերջինիս կողմից պատասխաններն այսուհետ լինելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա:
Ավտոմատացման նոր ներդրվող համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝ կատարողական վարույթի շրջանակում ՀԿԱԾ և բանկ հարաբերությունների արագ և արդյունավետ կարգավորումը, առավել պարզեցված վարչարարությունը, քաղաքացիների հաշիվների առավելագույն սեղմ ժամկետում ապաարգելադրումը, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականության բացառումը։
Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր էր մեկնարկել նաև IDBank-ի հետ: Այսպիսով «Կոնվերս Բանկ»-ը երկրորդն է թվայնացման այս շղթայում:
Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը: