Քրեակատարողական հիմնարկի փոխարեն դատապարտյալները պատիժը կկրեն տանը կամ հանրային աշխատանքներ կատարելով` կմասնակցեն կրթական ծրագրերի. այս է Արդարադատության նախարարության որդեգրած քաղաքականությունը՝ պատժողականից անցում կատարել վերասոցիալականացնող արդարադատության՝ բարելավելով պրոբացիայի ինստիտուտը
26/08/2022
Պրոբացիայի ծառայության բարեփոխումների շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի մասնակցությամբ անցկացվել է Պրոբացիայի ծառայության վերափոխման թեմայով հանրային քննարկում։
Փոխնախարար Սարգսյանը բացման խոսքում նշել է, որ Պրոբացիայի ծառայությունն արդարադատության շղթայում կարևոր գործառույթ իրականացնող կառույց է, որը, ապահովելով այլընտրանք ազատազրկմանը, կարողանում է հանցանք կատարած անձի հետ աշխատանք տանել հասարակությունում գտնվելու պայմաններում։ Նա նշել է, որ այսօր Պրոբացիայի ծառայությունից ակնկալիքներն աճել են, առաջիկայում վերջինս իրականացնելու է մի շարք նոր լիազորություններ՝ ապահովելով, օրինակ, տնային կալանք խափանման միջոցի, ազատության սահմանափակում պատժատեսակի կատարումը, և հետևապես վերջինիս պետք է տրամադրվեն այդ ակնկալիքներին համարժեք երաշխիքներ։
Նշվածի համատեքստում Արփինե Սարգսյանն անդրադարձ է կատարել Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկի հիման վրա մշակված, Պրոբացիայի ծառայության մասին և հարակից օրենքների փաթեթին, որով առաջարկվում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, անցում կատարել պետական ծառայության հատուկ տեսակի, ծառայության կազմակերպման տեսանկյունից ապահովել հակակշիռների և զսպումների մեխանիզմները, բարձրացնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները՝ այդպիսով որակյալ նախադրյալներ ստեղծելով հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման համար։
Սարգսյանն արձանագրել է, որ Պրոբացիայի ծառայության վերափոխումը չի սահմանափակվում միայն օրենսդրական փաթեթի ներկայացմամբ, մշակվում են լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպման արդյունավետությունը, կլուծեն հանրապետության բոլոր մարզերում Պրոբացիայի ծառայության կոնսոլիդացված և պատշաճ ներկայացվածության հարցը։
Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, զեկույցով են հանդես եկել ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանը, միջազգային փորձագետ Լեո Տիխխեսը։
Պրոբացիայի ծառայության վերափոխման տեսլականի և հանրային քննարկման դրված օրենսդրական նախաձեռնության շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում՝ շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների մասնակցությամբ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել ներկայացված թե' բանավոր, թե' գրավոր կարծիքները և դրանց հաշվառմամբ կատարելագործել օրենսդրական առաջարկը։
Հանրային քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ։